Երեխա Տոքսիկոզ էքսիկոզով` նորածինների և վաղ մանկական տարիքի
Զարգանում է ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդությունների ժամանակ։ Էթիոլոգիայում մեծ դեր ունեն աղիքային ինֆեկցիաները՝ սալմոնելյոզ, դիզենտերիա, ստաֆիլոկոկային էնտերոկոլիտ, կոլի ինֆեկցիա։
Աղիքային տոքսիկոզի էթիոլոգիայում դեր ունեն նաև ստամոքս-աղիքային տրակտի ոչ միկրոբային բնույթի խանգարումները (տոքսիկ դիսպեսիաներ), երբ աղիքներում սննդամթերքի քայքայման թունավոր արգասիքները, հաղթահարելով լյարդային և աղիքային պատնեշները, անցնում են արյան մեջ և տոքսիկոզի պատկեր առաջացնում։
Տոքսիկոզն՝ էքսիկոզով զարգանում է նաև նյութափոխանակության ժառանգական խանգարումներ ունեցող երեխաների մոտ։ Դրանք են՝ մալաբսորբցիայի համախտանիշը, մուկովիսցիդոզը, ցելիակիան, գալակտոզեմիան, ֆրուկտոզեմիան և այլն:
Պաթոգենեզը։ Աղիքային տոքսիկոզի ախտածնությունում տարբերում են երեք փուլ՝
- սկզբնական ինտոքսիկացիայի,
- դեհիդրատացիայի և
- շոկի։
Սկզբնական ինտոքսիկացիայի փուլում աղիքներում առաջացած թունավոր նյութերը, մանրէների թույները գրգռում են աղիքի պատում գտնվող նյարդային ընկալիչները, որոնցից ընթացող ազդակները գլխուղեղի կեղևում առաջ են բերում գրգռման օջախ։ Սկսվում է լուծ և փսխում, որոնք օրգանիզմի պաշտպանական ռեակցիան են և արդեն այս էտապում առաջ են բերում ջրաաղային փոխանակության զգալի տեղաշարժեր։ Պրոցեսը շարունակում է զարգանալ, թույները, անցնելով արյան մեջ, մանրէական շոկի պատկեր են զարգացնում և հետագայում հաղթահարելով արյունաուղեղային պատնեշը, ուղղակի ներգործում են գլխուղեղի կեղևի և ենթակեղևային կենտրոնների վրա՝ առաջացնելով արգելակում։
Նայած թե օրգանիզմն ինչպիսի հարաբերությամբ է կորցնում ջուրը և աղերը, տարբերում են ջրազրկման երեք տեսակ՝ իզոտոնիկ, աղադեֆիցիտային և ջրադեֆիցիտային։
Սկզբում ջրազրկումն ընթանում է իզոտոնիկ ձևով, երբ ջրի և աղերի կորուստն իրար համամասն են։ Նատրիումի կորուստը կազմում է մոտ 8 մմոլ/լ, մարմնի զանգվածի կորուստը հասնում է մինչև 5%-ի: Այս վիճակը կոմպենսացված վիճակ է։ Եթե պրոցեսը շարունակվում է՝ զանգվածի կորուստը հասնում է մինչև 10%-ի, նատրիումի կորուստը գերազանցում է 15 մմոլ/լ-ից, ջրազրկումն արդեն ընթանում է աղադեֆիցիտային տիպով։ Սկսվում է դեկոմպենսացիան։ Հիվանդության շարունակման հետևանքով հեղուկների կորուստը գերազանցում է էլեկտրոլիտների կորստին, մարմնի զանգվածի կորուստը հասնում է 15%-ի և ավելի։ Սա արդեն ջրազրկման ջրադեֆիցիտային տիպն է և կլինիկորեն շատ ծանր վիճակ է։
Ջրի և նատրիումի փոխանակության խանգարումը զուգակցվում է ամբողջ իոնագրամայի փոփոխությամբ՝ հիպոկալիեմիայի, հիպոքլորեմիայի, բիկարբոնատների քչացման և հիպերֆոսֆատեմիայի ձևով։
Աղիքային տոքսիկոզի պաթոգենեզում մեծ դեր ունի սրտանոթային համակարգի անբավարարության և հեմոդինամիկ շոկի առաջացումը, որը զարգանում է ինչպես կենտրոնական մեխանիզմով, այնպես էլ ծայրամասային խանգարումների հետևանքով։ Մի կողմից ջրազրկումը, մյուս կողմից՝ անոթների թափանցելիության բարձրացումը, որի հետևանքով պլազման դուրս է գալիս շուրջբջջային տարածություն, առաջացնում են շրջանառող արյան ծավալի պակասում՝ ի հաշիվ պլազմայի ծավալի, իսկ գնդիկային (գլոբուլյար) ծավալը (ձևավոր տարրերով պայմանավորված ծավալը) հարաբերականորեն մեծանում է, այսինքն՝ զարգանում է արյան թանձրացում, պլազմայի պակաս, հեմատոկրիտի ցուցանիշի մեծացում։ Այս բոլորի հետևանքով արյունատար հունի և շրջանառող արյան ծավալի միջև առաջ է գալիս անհամապատասխանություն, որի հետևանքով արյունը չի հասնում մինչև ծայրամասային մազանոթային ցանցը, զարգանում է թանձրարյունային (անհիդրեմիկ) կոլլապս, հյուսվածքային թթվածնաքաղց (հիպոքսիա)։ Հյուսվածքային թթվածնաքաղցը ավելի է խորանում, երբ միանում են միկրոցիրկուլյատոր խանգարումներ։ Այս ամենը հանգեցնում են հյուսվածքային ծանր հիպոքսիայի և կենսական կարևոր համակարգերի՝ սրտանոթային, կենտրոնական նյարդային, ինչպես նաև երիկամների ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների։
Արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության միջանկյալ նյութերի՝ կաթնաթթվի, պիրոխաղողաթթվի, գամաօքսիկարագաթթվի խտությունը, արյան թթվահիմնային հավասարակշռությունը շեղվում է ձախ, զարգանում է նյութափոխանակային ացիդոզ։
PH-ը իջնում է մինչև 7,2-7,1, երբեմն՝ 7,0, որն արդեն անհամատեղելի է կյանքի հետ։ PH-ը 7,2 իջնելու դեպքում զարգանում է երիկամների զարկերակիկների կծկում, իսկ 7,2-ից ավելի ցածր լինելու դեպքում` ընկճվում է սրտամկանի կծկողականությունը, զարգանում է նախամազանոթային սեղմանների պարեզ, մազանոթային ցանցում տեղի է ունենում արյան կանգ։ Վերջինս նպաստում է արյան ներանոթային տարածուն մակարդմանը, որն ընթանում է զարգացման երեք շրջաններով։
- Հիպերկոագուլյացիայի շրջանում, երբ արյան կանգի պատճառով սկսվում է թրոմբոցիտների, էրիթրոցիտների միացքավորում (ագրեգացիա), ակտիվ թրոմբոպլաստին է գոյանում, մակարդիչ գործոնների ակտիվությունը խիստ բարձրանում է։ Այս շրջանը բնորոշվում է արյան մակարդելիության բարձրացմամբ և ներանոթային թրոմբոզների առաջացմամբ։ Կլինիկական արտահայտություն չունի։
- Իզոկոագուլյացիայի շրջանում մակարդիչ գործոնների մեծ ծախսի պատճառով արյան մակարդելիությունը սկսում է իջնել, հեմոռագիկ համախտանիշ է առաջանում, բայց դեռևս շարունակվում է ներանոթային մակարդուկների առաջացումը, աստիճանաբար իջնում է թրոմբոցիտների և ֆիբրինոգենի մակարդակը։ Կլինիկորեն արտահայտվում է քթային և աղիքային արյունահոսությամբ` ենթամաշկային բծավոր և տարածված արյունազեղումներով։
- Հիպոկոագուլյացիայի շրջանում մակարդիչ գործոնների գերածախսի հետևանքով է’լ ավելի է իջնում արյան մակարդելիությունը, ֆիբրինոլիզ և ծանր հեմոռագիկ համախտանիշ է սկսվում։ Եթե I և II շրջաններում նշանակվում է հեպարին, ապա III շրջանում այն հակացուցված է։
Կլինիկան։ Էքսիկոզով ընթացող տոքսիկոզի կլինիկական ընթացքը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի։
- Հիպերկինետիկ-իրիտատիվ փուլը բնորոշվում է ընդհանուր գրգռվածությամբ, շարժողական անհանգստությամբ։ Էքսիկոզի նշաններն այս շրջանում արտահայտված են՝ մեծ գաղտունը և ակնախնձորները ներս են ընկած, լորձաթաղանթները` չոր, մաշկի տուրգորը և տոնուսը՝ իջած։ Տոքսիկոզի այս փուլը համապատասխանում է ջրազրկման 1-ին աստիճանին, մարմնի զանգվածի կորուստը չի անցնում 5%-ից։
- Սոպորոզ-ադինամիկ փուլը բնորոշվում է գիտակցության ընկճվածությամբ և բոլոր կարգավորող համակարգերի խոր արգելակումով։ Ջրազրկման երևույթները ավելի խիստ են արտահայտված, քաշի կորուստը կարող է հասնել 10-15%-ի, որը համապատասխանում է էքսիկոզի II և III աստիճաններին։ Վերջույթները սառն են, մաշկը` գունատ, պուլսը` հաճախացած, թույլ լեցումով, սրտի տոները խլացած են, շնչառությունը՝ մակերեսային, հաճախացած։
- Հիվանդության հետագա զարգացումը տոքսիկո-դիստրոֆիկ փուլն է։ Այս շրջանում նկատվում են ներքին օրգանների սնուցման հետ կապված փոփոխությունները։ Կլինիկորեն այն ուղեկցվում է համառ փսխումով, որը երբեմն լինում է սուրճի նստվածքի գույնի, տոքսիկ շնչառությամբ («հետապնդվող գազանի» շնչառություն), ջրազրկման III աստիճանի երևույթներով՝ սկլերեդեմա, եղջերաթաղանթի չորացում, անձայնություն (աֆոնիա), քրտնարտադրության և միզարտադրության (դիուրեզի) խիստ ընկճվածություն։
Սյսպիսով, աղիքային տոքսիկոզի կլինիկայում տարբերում են ջրազրկման երեք աստիճան՝
- երբ մարմնի զանգվածի պակասը չի գերազանցում 5%-ից,
- երբ մարմնի զանգվածի պակասը հասնում է 8-10%-ի,
- երբ մարմնի զանգվածի պակասը անցնում է 10%-ից։
Կախված նրանից, թե ինչպիսի համառությամբ է մանկան օրգանիզմը կորցնում ջուրը և էլեկտրոլիտները, տարբերում են ջրազրկման հետևյալ ձևերը.
- Իզոտոնիկ։ Առավել հաճախ հանդիպող ձևն է, երբ ջրի և աղերի կորուստը հավասարաչափ է։ Մարմնի զանգվածի կորուստը չի անցնում 5%-ից։ Ախորժակն իջած է, էքսիկոզն արտահայտված է չափավոր, դիուրեզն` իջած, ծարավի զգացումը չափավոր է արտահայտված, նյարդային համակարգը գրգռված կամ արգելակված է, նկատվում է հաճախասրտություն, սրտի տոները խլացած են, շնչառությունը՝ հաճախացած։
- Ջրադեֆիցիտային։ Ջրի կորուստը գերակշռում է աղերի կորստին։ Զարգանում է հատկապես այն դեպքում, երբ լուծը գերակշռում է փսխմանը։ Էքսիկոզը խիստ արտահայտված է՝ դիմագծերը սրված, ակնախնձորակները` ներս ընկած, զանգվածի կորուստը հասնում է 10%-ի, ախորժակը խիստ իջած է, միզարտադրությունը` զգալի պակասած, ծարավի զգացումը` խիստ արտահայտված, նյարդային համակարգը՝ գրգռված, դիտվում է շարժողական անհանգստություն, հաճախասրտություն, քնի խանգարում, ռեֆլեքսները բարձրացած են, զարկերակային ճնշումը բարձրացած է, ջերմությունը՝ բարձր, մաշկը և լորձաթաղանթները չոր են, գերարյուն, արյան մեջ նատրիումի, կալիումի և քլորի քանակներն ավելացած են։
- Աղադեֆիցիտային։ Զարգանում է, երբ փսխման հաճախականությունը շատ է, էլեկտրոլիտների կորուստը գերակշռում է ջրի կորստին։ Էքսիկոզը խիստ չի արտահայտված, ծարավի զգացում չկա, միզարտադրությունը իջած է, նյարդային համակարգն` արգելակված (սոպոր կամ կոմա), ռեֆլեքսները թուլացած են կամ բացակայում են, սրտի տոները խլացած են, զարկերակային ճնշումը՝ ցածր, պուլսը` թույլ լեցունության, վերջույթները` սառը, մաշկը գունատ՝ կապտուկային երանգի, արյան մեջ նվազում է էլեկտրոլիտների քանակը։

Բուժումը։ Պետք է ուղղված լինի միաժամանակ երեք ախտանշանային օղակների՝ ինտոքսիկացիայի, ջրազրկման (դեհիդրա տացիայի) և շոկի դեմ։
 Բուժական միջոցառումներից բացի, խիստ կարևոր  է սնուցման ճիշտ կազմակերպումը։ Այն սկսվում է Ռինգերի  կամ սոդայի 2%-անոց լուծույթով ստամոքսի լվացումով, 100 մլ՝ յուրաքանչյուր ամսվա համար, ստամոքսում թողնելով մոտ 150 մլ հեղուկ, որից հետո  տրվում է ջրաթեյային ընդմիջում, ոչ պակաս 12-24 ժամից։ Այդ ընթացքում տրվող հեղուկների քանակները և տեսակները կախված են ջրազրկման  աստիճանից և ձևից։   Ջրաթեյային ընդմիջումից հետո կերակրումը կատարվում է կոտորակային եղանակով՝ սկսում  են 10-անգամյա կերակրումով (2 ժամը մեկ անգամ, գիշերային 4-ժամյա ընդմիջումով), միանվագ  տալով 10-20 գ: Հաջորդ օրը սննդի  քանակն ավելացնում են 150 գ-ով (մինչև կեսօր յուրաքանչյուր կերակրումն ավելացնում են  10 գ-ով, կեսօրից հետո՝ 20 գ)։   Հետագա օրերին յուրաքանչյուր կերակրումն  ավելացվում է 20-30-ական գ-ով, իսկ կերակրման հաճախականությունը  պակասեցվում մեկ կամ երկու անգամով։ Հաշվի առնելով այն հանգամանքը,  որ երեխայի մոտ խիստ տուժված են փոխանակության պրոցեսները, հնարավոր կարճ ժամանակամիջոցում՝ 4-5 օրից, պետք է ձգտել  անցնել լիարժեք սնուցման։   Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիան վերականգնելու  համար տրվում են ֆերմենտային պատրաստուկներ,  պեպսին, պանկրեատին, ֆեստալ, պանզինորմ և այլն։   Միաժամանակ անց է կացվում հակամիկրոբային,  վիտամինային և ախտանշային բուժում։  
 Ինֆուզիոն թերապիայի  շրջանում տրվում են նաև բանջարեղենային և մրգային եփուկներ 30 մլ/կգ հաշվով։ Վերջիններս նպաստում են դեզինտոքսիկացիային և  դեհիդրատացիային, քանի որ պարունակում են պեկտինային նյութեր, որոնք օրգանիզմում պահում  են ջուրը և ունեն տոքսինները կլանելու և կղանքով հեռացնելու հատկություն։ 6-րդ օրը  հիվանդն արդեն ստանում է հավելյալ սնունդ՝ բանջարեղենային ապուրի և խյուսի ձևով։
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    